Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Թուրքական ԶԼՄ-ները փորձում են բացահայտել «ռուսական հետքը»

Թուրքական ԶԼՄ-ները փորձում են բացահայտել «ռուսական հետքը»
24.10.2008 | 00:00

«ԴԱՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ»
Միանգամայն հավանական է, որ որոշ, այդ թվում՝ հայաստանյան, քաղաքագետների ու քաղաքական գործիչների ոգևորությունն առաջացրած գործընթացը, թե Մոսկվան ու Անկարան Երևանին հրավիրում են երկխոսության, ունենա բավականին տխուր ավարտ։ Իսկ պատճառն այն է, որ Ստամբուլի արվարձաններից մեկում սկսված դատավարությունը պետական հեղաշրջման գործով, թուրքական որոշ լրատվամիջոցների կարծիքով, կվերածվի «դարի դատավարության»։
Եվ դա արդարացված է նույնիսկ այնպիսի երկրի պայմաններում, ուր քաղաքական դատավարություններն ունեն որոշակի օրինաչափություն։ Մեղադրյալների աթոռներին են նստած «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպությանը պատկանող անձինք, ովքեր մեղադրվում են պետական հեղաշրջման նախապատրաստման և ահաբեկչության համար։ Հիշյալ խմբի մեջ են տարբեր քաղաքական հայացքների տեր մի քանի տասնյակ հայտնի թուրք լրագրողներ, գիտնականներ և պաշտոնաթող զինվորականներ՝ սկսած ազգայնականներից, վերջացրած կոմունիստներով։ Իսկ նրանց համախոհներն Աթաթուրքի նկարներով և կոմունիստական դրոշներով ցույց անցկացրին՝ ընդդեմ այս դատավարության։
Կալանվածների թվում են թուրքական ազդեցիկ ընդդիմադիր աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը և «Ջումհուրիեթ» հայտնի պարբերականի գլխավոր խմբագիր Իհան Սելջուկը։ Ընդհանուր առմամբ մեղադրյալների թիվը հասնում է 85 մարդու, թեպետ առաջին փուլով դատարանի առջև է կանգնել նրանցից 46-ը։ Այն իրենից ներկայացնում է թուրքական բանակի էլիտայի մի մասը, որոնց մեղադրում են «արևմտամետ իսլամիստական կառավարությունը» տապալելու փորձի համար։ Կալանքի տակ է թուրքական ամենահայտնի պաշտոնաթող գեներալներից մեկը՝ Սենեթ Էրույգուրը, որը գլխավորում էր «Աթաթուրքի գաղափարների միություն» ազդեցիկ հասարակական կազմակերպությունը։ Նրա կալանավորումից հետո ԶԼՄ-ները հրապարակեցին իշխանությունը զավթելու նպատակով հրահրված դավադրության դետալները, որոնք իբր հայտնաբերվել են պաշտոնաթող գեներալի մոտ։ Հեղաշրջումը պետք է իրականացվեր չորս փուլով։ Սկզբում Քրդական աշխատավորական կուսակցությանը մոտ կանգնած վարձկանները պետք է իրագործեին մի շարք պատվիրված սպանություններ, որոնք զայրույթի ալիք կառաջացնեին հասարակության մեջ։ Դրանից հետո ծայր առած ցույցերն ու զանգվածային այլ միջոցառումները կվերածվեին ոստիկանության և ժողովրդի միջև բախման։ Այնուհետև Անկարայի առևտրի պալատի նախագահ Սինան Այգյունը, որը դավադիրների ծրագրով վարչապետի հիմնական թեկնածուն էր, պետք է հայտարարեր, որ Էրդողանի կառավարության քաղաքականությունը Թուրքիան կանգնեցրել է աննախադեպ տնտեսական աղետի առաջ, իսկ «Էրգենեկոն» կազմակերպությանը մոտ կանգնած լրատվամիջոցները կոչ կուղղեին բանակին՝ կարգ ու կանոն հաստատելու երկրում։ Արդյունքում զինվորականներն իշխանությունը կվերցնեին իրենց ձեռքը, ինչպես Թուրքիայում եղել է ոչ մեկ անգամ։
Ինչպես նշում է ռուսական «Կոմերսանտը», «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործը սկսվել է դեռևս 2007-ի հունիսին։ Այն ժամանակ պաշտոնաթող բանակային սպաներից մեկի տանը, Ստամբուլում, հայտնաբերվեց 28 ձեռքի նռնակ։ Այդ զինամթերքը, ինչպես հետագայում հայտարարեցին քննչական մարմինները, պատկանում էր մինչ այդ անհայտ «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպությանը, որը զբաղված էր իր մարդկանց թուրքական հասարակության բոլոր ոլորտներում ներդնելով և միաժամանակ փորձում էր կառավարել բանակը, ԶԼՄ-ները, քաղաքական կուսակցությունները և ակադեմիական շրջանակները։ Հետաքննության մեկ տարվա ընթացքում բացահայտվել է, որ հենց «Էրգենեկոն» կազմակերպությունն է իրականացրել ամենաաղմկահարույց, բայց չբացահայտված հանցագործությունները Թուրքիայում վերջին տասը տարվա ընթացքում։ Այդ կազմակերպության պատասխանատվությանն է վերագրվում նաև հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը։ Բացի այդ, «Էրգենեկոնի» զինյալները ծրագրում էին նաև թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի սպանությունը»։
Իսկ հետո արդեն սկսվում է ամենահետաքրքիրը. պարզվում է, որ հետաքննության ընթացքում բացահայտվել է այն հանգամանքը, որ գրեթե բոլոր ձերբակալվածները ջերմ համակրանք են տածում Ռուսաստանի նկատմամբ։ Թուրքական ԶԼՄ-ներն արձանագրում են, որ ձերբակալությունները լուրջ հարված են հասցրել «ռուսամետ» ուժերին թուրքական հասարակության մեջ։ Օրինակ, ձերբակալված գեներալ Էրույգուրը կոչեր է արել դուրս գալ ՆԱՏՕ-ից, մտնել Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ և ռազմական դաշինք կնքել Ռուսաստանի և Իրանի հետ։ Ավելին, պարզվել է, որ «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության փաստացի շտաբ-բնակարանը գտնվել է Ստամբուլի եկեղեցիներից մեկում, որը պատկանում էր թուրքական ուղղափառ եկեղեցուն։ Սա քիչ հայտնի կրոնական կառույց է, որը ոչ մի կապ չունի Կոստանդնուպոլսի հունական ուղղափառ պատրիարքության հետ։ Թուրքական ԶԼՄ-ները «ռուսական հետքը» բացահայտող սպանիչ ապացույց են համարում այն, որ ոստիկանությունը չի կարող ձերբակալել պաշտոնաթող գեներալ Լևենտ Էրսեզին, որն իբր թաքնվում է Ռուսաստանում։ Եվ վերջապես, մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպությունը որոշակի կապեր է ունեցել ռուսական հատուկ ծառայությունների հետ, և այդ դաշտում կապող օղակի դերը կատարել է ոչ անհայտ ռուս փորձագետ ու վերլուծաբան Ալեքսանդր Դուգինը։ Վերջինս, ինչպես հայտնի է, ղեկավարում է ռուսական Պետդումային կից աշխարհաքաղաքական հարցերով փորձագիտության կենտրոնի փորձագիտախորհրդատվական խորհուրդը և զբաղվում է ազգային անվտանգության խնդիրներով։ Նա քաղաքագիտության դոկտոր է, համարվում է ռուսական ժամանակակից ազգայնականության «հիմնադիր հայրը», և այդ գաղափարախոսությունը հայտնի է «եվրասիականություն» բնորոշմամբ։ Թուրքական լրագրության վետերան Ջենգիզ Չանդարը պնդում է, որ Դուգինը Թուրքիայի ազգայնական և հատկապես «Էրգենեկոնին» հարող շրջանակների համար իսկական «գուրու» է։ Ըստ Չանդարի, «Դուգինի գաղափարները, հատկապես նրանք, որոնք առնչվում են Եվրասիայում թուրք-սլավոնական միության ստեղծմանը, ոչ հեռավոր անցյալում մեծ ժողովրդականություն էին վայելում Թուրքիայի ազգայնական շրջանակներում։ Նա նմանապես շատ մոտ է Վլադիմիր Պուտինի հետ, սերտ կապեր ունի Կրեմլում և ռուսական բանակի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչությունում»։
Ինքը՝ Ալեքսանդր Դուգինը, նույնպես չի խուսափում ի պաշտպանություն ձերբակալվածների հանդես գալուց, անվանելով նրանց «հակաամերիկյան լոբբիի ղեկավարներ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ մերձեցման օգտին»։ Իր հայտնի հոդվածներից մեկում, որ կոչվում է «ԱՄՆ-ին դեմ գնալը բանտ է», ռուսական եվրասիականության առաջնորդը միաժամանակ հայտարարում է. «ՆԱՏՕ-ամետ ուժերը Թուրքիայում, փաստորեն, ջարդում են այն կառույցը, որն իրենից ներկայացնում է ամերիկամետ քաղաքականությանը հակազդող թուրքական հասարակության մարտական թևը»։
Այսպիսի սկանդալային բացահայտումներից հետո մի շարք ռուսական ԶԼՄ-ներ, բնականաբար, արձանագրեցին, թե այս ամենը «հրեշավոր կեղծարարություն է» և «ԱՄն-ի կողմից թուրք հայրենասերների դեմ մանրամասն մշակված գործողություն»։ Սակայն Ռուսաստանում եվրասիականություն քարոզող պարբերականներում կարելի է հանդիպել բավականաչափ հետաքրքիր և որոշակի հետևությունների հանգեցնող նկատառումների։ Այսպես, թուրք պատմաբան Մեհմեդ Փերինչեքի հետ հարցազրույցում վերջինս հայտարարում է. «Թուրքիային այսօր անհրաժեշտ է Աթաթուրքի գաղափարների հիման վրա նոր հեղափոխություն։ Եթե դա տեղի չունենա, իմ երկիրը կդադարի գոյություն ունենալուց»։ Ռուսական «Հեռանկար» ամսագրում էլ կարելի է հանդիպել հետևյալ նկատառմանը. «Թուրքիայում ձերբակալված բոլոր գործիչներին միավորում է մեկ բան՝ քեմալիզմը։ Նվիրվածությունը Թուրքիայում աշխարհիկ և ազգային պետության սկզբունքներին, ինչպես նաև հակաամերիկանիզմը, որն ինչ-որ տեսական դատողությունների հետևանք չէ։ Այն առաջացել է Թուրքիայի պետական և ազգային շահերի հստակ ընկալումից»։ Այնուհետև, կարծես մոռանալով, որ քրդական առաջնորդ Ա. Օջալանը, ինչպես և ներկա դավադիրներից ոմանք փորձում են պատսպարվել Ռուսաստանում, «Հեռանկարը» իր խմբագրական հոդվածում նշում է. «Ավելի քան հետաքրքիր է այն, որ այս գործով առաջին հարցաքննության արտատպությունը հայտնվել է ոչ թե ինչ-որ պատահական լրատվամիջոցում, այլ անջատական և ահաբեկչական Քրդական աշխատավորական կուսակցության մամուլի պաշտոնական օրգանում։ Դա հենց այդպես չէր կարող տեղի ունենալ, եթե կապ գոյություն չունենար քուրդ անջատականների և Թուրքիայի ոստիկանական հետախուզության միջև, որոնք համատեղ աշխատում են Թուրքիայի փլուզման ուղղությամբ և այդպիսով իրագործում Մեծ Մերձավոր Արևելքի ամերիկյան ծրագիրը»։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։
Այս խորապատկերի վրա հատկապես հետաքրքրություն է ներկայացնում Ալեքսանդր Դուգինի «Մոսկվա-Անկարա առանցքը կլուծի շատ խնդիրներ» հոդվածը, ուր մասնավորապես ասվում է. «Թուրքիան կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև։ Քեմալիստական պետության գոյությունը Թուրքիայում մեծ հաշվով հարցականի տակ է։ Գոյություն ունի ազգային փոքրամասնությունների խնդիր, որը «սառեցված» է, բայց որը կարող է «ապասառեցվել»։ Փաստորեն, քեմալիստական պետությունը գլոբալիստական և նեոիմպերիալիստական ամերիկյան միաբևեռ աշխարհակարգի ծրագրերում ենթակա է ոչնչացման։ Եվ անկասկած է, որ Թուրքիան անհրաժեշտություն ունի վերանայելու իր հարաբերությունների վեկտորը Ռուսաստանի հետ, ու դա կարող է դառնալ առանցքային հարց։ Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Թուրքիան ընդունակ են դառնալու հատուկ առանցք շատ տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է տնտեսական և ռազմավարական հովանավորություն»։ Եվ որպես այս դատողությունների շարունակություն՝ եվրասիականության ռուս տեսաբանը նշում է. «Կովկասում իրադրության վերջին փոփոխություններն Ադրբեջանի առջև բացեցին նոր հեռանկարներ։ Եթե մինչև վերջերս Բաքուն երկակի ընտրության առջև էր՝ կամ Անկարա, կամ Մոսկվա, ապա այսուհետ այդ երկու բևեռներն այլևս չեն բացառում միմյանց, և նկատելի է նոր ընդհանուր ռուս-թուրքական կովկասյան ռազմավարության ձևավորման միտում։ Իսկ դա նշանակում է նոր եվրասիական դաշինք երեք եվրասիական պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Այդպիսով, Մոսկվա-Անկարա հնարավոր առանցքը կբարձրացնի Ադրբեջանի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակությունը՝ Բաքուն դարձնելով կարևորագույն բաղադրիչ Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակ մոդելի ընդհանուր կառուցվածքում»։
Ամեն ինչ պարզունակ կթվար, եթե այս գաղափարները մնային ակադեմիական որոնումների շրջանակում։ Սակայն դատելով Լեռնային Ղարաբաղի շուրջ Կրեմլի վերջին գաղափարներից՝ ակնհայտ է դառնում, որ այս աշխարհաքաղաքական վերադասավորումներում, ինչպես շախմատում, հնարավոր չէ միանգամից խաղալ և՛ սևերի, և՛ սպիտակների փոխարեն։ ՈՒստի, համապատասխանաբար, Մոսկվային անհրաժեշտ է լինելու ընտրություն կատարել, և որքան էլ վիրավորական է լսելը՝ ո՛չ Հայաստանի օգտին։ Սակայն գոնե մեզ համար ակնհայտ է, որ Մեծ Թուրանի ստեղծման համար նախատեսված գործընթացները կարող են զարգանալ ոչ միայն մեր տարածաշրջանում։ Բոլորովին վերջերս Ռուսաստանի կազմում գտնվող Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հրապարակվող «Պովոլժիեի աստղ» թերթը հրապարակել է թաթար ազգության ներկայացուցիչներին ուղղված դիմում, ուր հնչում են Թաթարստանի անկախության ճանաչման կոչեր։ Իսկ ավելի վաղ «Նովի ռեգիոն» ինտերնետային կայքը հաղորդեց, որ բաշկիրական հասարակական շարժումներից մեկը հրապարակել է դիմում և պահանջել Կրեմլից՝ ապահովել Բաշկիրիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետևապես, վերջնական ընտրություն կատարելիս յուրաքանչյուր երկրի ղեկավար նվազագույնն իրեն պետք է հաշիվ տա այն օբյեկտիվ իրողությունների մասին, որոնց պայմաններում հարկադրված է գործել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4356

Մեկնաբանություններ